Բավ է պառակտվել
22-01-2015 09:17

Աբրահամյանի ղեկավարած ՌԴ-ի հայերի միությունը վաղուց չի սպասարկում հայերի շահերը

«Օրերս համցանցում հայտարարություն տարածվեց, որի համաձայն Ռուսաստանի հայերը պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուկանյանի հրաժարականը» ,-հիշեցնում է «Ժամանակ» -ն ու հավելում, որ նախքան նախաձեռնողների հայտարարությունը, Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն և ցավակցական խոսք չէր ասել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության, դրան հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ:
Նախաձեռնողների հայտարարության մեջ նշվում է, որ Արա Աբրահամյանն ընդհանրապես անտեսել է այդ ոճրագործությունը, փոքր անդրադարձ կատարել է միայն նրա տեղակալ Լևոն Մուկանյանը՝ ցավակցելու հետ մեկտեղ կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Ընդգծենք, որ Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ:
Աղբյուրի Մոսկվայի աղբյուրները փոխանցում են, թե սա միակ պատճառը չէ, որ Արա Աբրահամյանի դեմ բողոք է հասունացել, սակայն հիմա իրավիճակը լուրջ է այնքանով, որ Արա Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում նաև ռուսական ԶԼՄ-ներում՝ թերթերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Մեր զրուցակիցը, որը ևս քննադատում է ՌՀՄ գործունեությունը, չբացառեց, որ առաջիկայում ստորագրահավաքի հետ մեկտեղ կարող են լինել նաև բողոքի ակցիաներ: Նրա խոսքերով՝ Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունը վաղուց չի սպասարկում հայերի շահերը, չկա մի հայ, որն իսկապես օգնության կարիք ունենա և դիմի միությանն ու օգնություն ստանա: