Բավ է պառակտվել
28-03-2016 16:51

«Զվարթնոցում» ռումբի առկայության մասին հաղորդագրություն տարածողը քրեորեն կպատժվի

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2016թ. մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։
Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում 2016թ.-ի մարտի 25-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: