Բավ է պառակտվել
17-01-2014 12:22

Ոստիկանությունը ստուգու՞մ է ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամների մեքենաները

 

՛՛Դեմ եմ՛՛  նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում են կենսաթոշակային 5 տոկոս վճարի դեմ, երեկվա ավտոերթից հետո հայտնվել են ոստիկանների ուշադրության կենտոնում: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները երթի ընթացքում հիշեցրել են հունվարի 18-ին, ժամը 14-00-ին կայանալիք ակցիայի մասին:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը նշել է, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրեն տուն, պատճառաբանելով, թե տարածքում վթար է եղել և ցանկանում են իր մեքենան նկարել:

Նշենք, որ երեկ ոստիկանները նկարել են երթին մասնակցող բոլոր մեքենաների համարները:

 Արշակյանն առաջարկում է, որ ակցիայի բոլոր մասնակիցները օպերատիվ կերպով «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» խմբի էջում տեղադրեն ոստիկանների այցելության մասին տեղեկատվությունը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք սա սիստեմատիկ բնույթ է կրում:  

 «Ավո Դավիթ» անունով օգտատերը նույն ֆեյսբուքյան խմբում կարծիք է հայտնում, որ դա սիստեմատիկ բնույթ է կրում, քանի որ այսօր առավոտյան իրենց տուն էլ են այցելել ոստիկանությունից՝ պատճառաբանելով, որ BMW մակնիշի մեքենայի հետ կապված վթար է եղել, ու բոլոր BMW-ները ստուգում են։

 Մեկ այլ օգտատեր՝ Գևորգ Իսկանդարյանը, գրել է. «Ժողովուրդ ջան, այսօր ինձ էլ են զանգել, ասացին. «վրաերթ է եղել Opel-ով, բոլոր Opel-ները ստուգում ենք, պետք է գանք մեքենան նայենք»»։

 Ի պատասխան հարցի, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ստուգումները, Ոստիկանությունից խոստացան ճշտել և պատասխանել ավելի ուշ։