14-08-2014 11:46

Ագրարային համալսարանն ընդդեմ ՕԵԿ-ի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ բողոքող՝ համալսարանի մի քանի տասնյակ դասախոսներ եւ ուսանողներ այսօր կրկին հավաքվել են համալսարանի բակում:
Շինհրապարակի մոտ են հավաքվել նաեւ մի քանի տասնյակ ՕԵԿ-ականներ, նույնքան ոստիկաններ: Ոստիկանները կանգնել են ցանկապատի մոտ, որը նախորդ օրը ցուցարարներն իրենց բողոքն արտահայտելու համար շուռ էին տվել:

՛՛Իրենց կուսակցության անունը «Օրինաց երկիր» է, բայց առաջին օրինազանցը իրենք են: Ո՞նց են ուզում՝ ժողովուրդը իրենց հավատա: Մարդիկ հիմա Ղարաբաղում կռվում են, իրենք երկու հողի կտորի համար կռիվ են անում: Իրենք պետք է հիմա սահմանում լինեին՛՛,- ասաց դասախոս Ջուլիետա Թորոսյանը:

Նշենք, որ Ագրարային համալսարանի անձնակազմը նախորդ օրն իրենց ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ մինչեւ սեպտեմբերի 1-ը իրենք ամեն օր հավաքվելու են համալսարանի բակում եւ շաբաթօրյակ են անցկացնելու:

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: