Բավ է պառակտվել
08-11-2014 11:09

Կաշառք վերցնելու պահին բռնվել են ոստիկանության ավագ տեսուչն ու ոստիկանության մայորը

Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։ Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին: Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին` ժամը 14:10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը: Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: