29-06-2018 22:28

Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները

Ոստիկանությունը պահպանության տակ է առել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ինչպես նաև նրա որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նաև դստեր՝ Նաիրա Գրիգորյանի տները: Հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանից։

Նրա խոսքով՝ իրավապահներն ապահովում են նաև Գրիգորյանի ընտանիքի՝ իրենց բնակության վայրերում գտնվող անդամների անվտանգությունը: Այս նախաձեռնությունը ոստիկանությանն է: Գաբրիելյանի խոսքով՝ իրենք տեղեկություններ են ունեցել հնարավոր վտանգների մասին: Ոստիկանության ներկայացուցիչն այլ մանրամասներ չհայտնեց:
էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը «Ազատությանն» ասաց, որ իր նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է ունեցել Էջմիածնի ոստիկանապետի հետ, նրանից տեղեկացել է, որ գողություն է կատարվել Մանվել Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի բնակարանից, նաև՝ պատգամավորի հայրական տնից: Ոստիկանության նախաձեռնած անվտանգության միջոցառումների մասին նա որոշ մանրամասներ փոխանցեց:

«Արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, քննություն է ընթանում: Նաև հետաքրքրվեցի՝ Մանվել Գրիգորյանի այլ հարազատների անվտանգության հետ կապված ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանապետը տեղեկացրեց, որ երեկ կեսգիշերց հետո մինչև լուսաբաց ոստիկանները հսկողություն են իրականացրել Մանվել Գրիգորյանին, նրա աղջկան, որդիներին պատկանող անշարժ գույքի շուրջ»,- ասաց Դիանա Գասպարյանը, հավելելով․ «Մթնոլորտն, ամեն դեպքում, մի քիչ լարված է, միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր վերջին իրադարձություններից հետո ինքնադատաստանի դրսևորումներ կարող են ցուցաբերել, կամ միգուցե նաև բնակարանային գողություն կատարել»:

Քննչական կոմիտենի փոխանցմամբ՝ գողության փորձ է կատարվել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից: Տունը բնակեցված չէ: Ահազանգը ստացվել է երեկ: Հաղորդում տվողը, ըստ քննչական կոմիտեի, ասել է, որ թեև իրերը խառնել են, բայց ոչինչ չի հափշտակվել։ Ըստ քննչական կոմիտեի՝ Եվս մեկ հաղորդում ստացել են Էջմիածնի մի բնակչուհուց, ով հայտնել է, որ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը իր տնից հափշտակություն է կատարվել, տարբեր իրերի կանխիկ գումարի և բանկային քարտի հետ հափշտակել են նաև Արման Մանվելի Գրիգորյանին պատկանող որսորդական օրինական հրազենը: Պատճառված վնասը, նախնական գնահատմամբ՝ 13 միլիոն դրամ է կազմել։ Երկու դեպքերով էլ հարուցվել են քեական գործեր: Կատարվում է քննություն։

Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե քննիչը կմիջնորդի՞ կալանավորել գեներալի կնոջը, նշել էր․ «Այս պահին չեմ կարող ասել հստակ: Դա կախված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից նախաքննության ընթացքում»: