11-03-2014 13:29

ՀՀ ոստիկանների սադրիչ գործողությունները շուտով կապացուցվեն. լուսանկարներ

Շատ շուտով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կներկայացվի մի տեսանյութ, որն ապացուցում է ոստիկանների ապօրինի գործողությունները:
՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները այժմ հավաքագրում են փաստերն արձանագրած տեսանյութերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանն, ով ի դեպ մարտի 7-ին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման էր ենթարկվել:

Նա նշեց, որ շարժման առաջին իսկ օրերից մասնակիցների վրա ճնշումներ են եղել. Ասում են. «Նոր թաղայինն եմ, ուզում եմ ծանոթանալ», «վթար է եղել, ստուգում ենք» եւ այլն:

՛՛Սրանք ոտնձգություններ են, հոգեբանական ճնշումներ բողոքողների վրա՛՛,- ասաց նա:

Կուտակայինի դեմ բողոքողները վստահ են, որ հատկապես վերջին բողոքի ակցիային` մարտի 7-ին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ, ոստիկանները սադրել եւ հրահրել են փողոցային կռիվներ:
Նրանք հավաստիացնում են ոստիկանները խփում են տակից, այնպես որ տեսախցիկները չֆիքսեն: Ասում են` դե խփի, ի՞նչ ես ասում: Մի ձեռքդ բռնում են, մյուսն ազատ թողնում, հետո վիզդ սկսում խեղդել, դու ուզած-չուզած մյուս ձեռքդ ես բարձրացնում եւ քիչ է մնում խփես: Բոլորը վիդեոներում կան: Մենք նյութեր ենք հավաքում եւ կներկայացնենք ոստիկանապետին»,- ավելացրեց Հակոբը:

«Դեմ եմ»-ը հույս ունի, որ ոստիկանապետը կհանդիպի լրագրողների եւ նախաձեռնության անդամների հետ` պարզաբանելու ոստիկանների գործողությունները:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ` պահանջելով Ֆինանսների նախարարից իջնել եւ պատասխանել իրենց հարցերին: Տեսնելով, որ նախարարը չի իջնում, ակցիայի մասնակիցները փակել էին Նալբանդյան փողոցը, որի հետեւանքով բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ակցիայի երեք մասնակից բերման էր ենթարկվել: