27-02-2014 13:32

Տավուշի 5 ավագ դպրոցներ հաստիքներով տեսուչներ կունան

Երեկ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության մարզային վարչությունում հրավիրված խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իր առաջին այցին հաջորդած ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ավելի սերտ աշխատանք, պարբերական այցելություններ, գործնական ու սեմինար պարապմունքների կազմակերպում: Նպատակը մեկն է՝ մարզերում հասնել բարեփոխումների մայրաքաղաքային մակարդակին՝ արդյունքում ունենալով օրինապահ քաղաքացու համար՝ կանխատեսելի, իսկ հանցավոր տարրերի համար անկանխատեսելի ոստիկանություն: Վերլուծելով բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ գերնպատակը նոր ոստիկանի ու ոստիկանության ձևավորումն է՝ զուգադրելով իրավապահ համակարգի լավագույն ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները: Ոստիկանության պետը նշեց, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների որակյալ աշխատանքով է պայմանավորված ոչ միայն համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը, այլև նոր ոստիկանության կազմավորման իրական հեռանկարը: Ինչ վերաբերում է համայնքային ոստիկանությանը, ապա տեղամասային տեսուչն իր գործունեությամբ պատասխանատու է հանցագործությունների կանխարգելման, համայնքներում բարոյահոգեբանական մթնոլորտի համար: Առանձնապես կարևորելով անչափահասների հիմնախնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ հաստիքներ են նախատեսվել մարզի հինգ ավագ դպրոցներում տեսուչներ ունենալու համար: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների կրկին հիշեցրեց գյուղական շրջաններում Ճանապարհային ոստիկանության գործունեության և գյուղացու հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: Միևնույն ժամանակ, ընդգծեց ոստիկանության պետը՝ փոխադարձ ըմբռնում ու օրինահարգություն է ակնկալվում գյուղացուց, համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչից, համայնքների ղեկավարներից, պահանջվում է գիտակցումն այն անքննելի իրողության, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հակառակը մտածողները և գործողները պետք է պատասխանատվություն կրեն նույն օրենքի ողջ խստությամբ: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խնդիրները:
հաստիքներ են նախատեսվել մարզի հինգ ավագ դպրոցներում տեսուչն ունենալու համար: