Բավ է պառակտվել
09-04-2014 15:01

՛՛Կանգնե՛ք խոսենք՛՛, ՛՛Նստե՛ք խոսենք՛՛...Երևանի փոխոստիկանապետն ու ոստիկանապետը չեն կարողանում ակտիվիստներին համոզել

Այսօր, ապրիլի 9-ին, ոստիկանները Նալբանդյան փողոցը փակած ակտիվիստներից մեկին բերման են ենթարկել: Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են նստած մնալ կառավարության առջեւ՝ հենց Նալբանդյան փողոցում։ Նրանք երգում են ՀՀ պետական հիմնը և պահանջում են,որպեսզի ֆինանսների նախարարի պաշտոնակատարը դուրս գա եւ հայտարարի, որ հետեւելով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ կետեր հակասահմանադրական էին ճանաչվել, փոխում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձեւը եւ հանում ինքնաշխատ մեխանիզմը, որով գործատուները պարտադրվում են պարտադիր կենսաթոշակային պահումներ անել աշխատակիցների աշխատավարձերից։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում էր համոզել ակտիվիստներին վեր կենալ եւ բացել ճանապարհը, սակայն ապարդյուն: Ակտիվիստներին մոտեցավ նաև Երեւանի ոստիկնապետ Աշոտ Կարապետյանը, որն այժմ փորձում է համոզել նրանց տասը հոգով իր հետ բարձրանալ նախարարի պաշտոնակատարի մոտ։ Ակտիվիստները հրաժարվում են բացել ճանապարհը, նրանք պահանջում են, որ նախարարի պաշտոնակատարն անձամբ իջնի ու հայտարարի, որ կատարում է իրենց պահանջը։ ՛՛Սիրուն չի, վեր կացեք։ Օրինախախտ մի եղեք՛՛,- ասել է ոստիկանապետը: ՛՛Կանգնեք՝ խոսենք՛՛,- ակտիվիստներին առաջարկում է ոստիկանապետը, ինչին ակտիվիստները պատասխանում են՝ ՛՛Նստեք, խոսենք՛՛։ Ոստիկանապետը հայտարարել է, որ եթե ակտիվիստները չբացեն ճանապարհը, իրենք հարկադրաբար են հեռացնելու նրանց։ Ակտիվիստներն էլ ասում են, որ եթե նախարարի պաշտոնակատարը գրավոր հայտարարի, որ մինչեւ ապրիլի 12-ը կկատարի իրենց պահանջը, իրենք կհեռանան։