18-07-2014 15:52

Վերականգգված իրավունքներն այս շաբաթ. Օմբուդսմեն

***
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
Պաշտպանի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահամանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:

***
Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել:
Պաշտպանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, հատկացվել է դրամական հրատապ oգնություն:

***
«Վանաձոր» կալանավայրի դատապարտյալն Օմբուդսմենին հայտնել է, որ ասեղ է կուլ տվել, սակայն իրեն չեն վիրահատում:
Օմբուդսմենի և Արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում դատապարտյալը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում. ասեղը հեռացվել է:

***
Հաշվառում չունենալու պատճառով երևանաբնակ կնոջը չէին տրամադրում անձը հաստատող փաստաթուղթ և նույնականացման քարտ:
Պաշտպանի գրությունների արդյունքում՝ Ոստիկանության անձնագրային բաժանմունքը հաշվառել է կնոջը և տրամադրել նույնականացման քարտ:

***
Վանաձորի զինկոմիսարիատը 23-ամյա հիվանդ երիտասարդին չէր տրամադրում հասանելիք 3 տարվա տարկետումը:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում երիտասարդին տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով:

***
Պաշտպան Կարեն Անդրեասյանին է դիմել 36-ամյա տղամարդը՝ հայտնելով, որ երկու տարի է՝ ձգձգվում է իրեն անձնագիր տրամադրելու հարցը:
Տղամարդու խնդրով Պաշտպանը համագործակցել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ: Արդյունքում դիմումատուին տրամադրել են անձնագիր:

***
ԱՄՆ քաղաքացին դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում կատարված հանցագործության խնդրով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել:
Պաշտպանի և Գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում ԱՄՆ քաղաքացին ստացել է իր դիմումների պատասխանը: