Բավ է պառակտվել
08-03-2016 09:23

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օր

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը: Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար:
Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:
1910-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում:
1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն: