29-09-2015 13:06

Որպես փաստացի պատերազմող երկիր, պետք է ավելի խնայող լինենք. Կ. Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այսօր անդրադառնալով Երևանի տոնակատարության վրա ծախսվող գումարները սահմանամերձ գյուղերին տրամադրելու հասարակական պահանջին, ասաց.
«Որպես երկիր, որը փաստացի պատերազմի մեջ է, այդ շքեղության պահը պետք է սահմանափակենք՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական մակարդակով: Պետք է ավելի համեստ լինենք և մեր միջոցները ավելի խնայողաբար ծախսենք ու ավելի կարևոր բաների վրա: Ինչ վերաբերվում է կոնկրետ այս տոնախմբությանը, ապա ես ենթադրում եմ, որ ծախսերի մեծ մասը արվել են վաղուց և այս պահին այդ տոնախմբությունները կասեցնելը կարծում եմ արդեն անիմաստ է, բայց այն, որ պետք է այդ բոլոր մոտեցումները վերանայվեն՝ դա փաստ է»:
Բանախոսը նկատեց, որ տոնակատարություններ կազմակերպել իհարկե կարելի է, ժողովուրդը ուզում է ուրախանալ, բայց այդ ամենը կարելի է անել տասն անգամ ավելի համեստ ձևով: Պետք չի կազմակերպել միլիոններ արժեցող հրավառություններ: Ճիշտ է այդ տոնակատարությանը հատկացվող գումարով հնարավոր չէ զինտեխնիկա գնել՝ դա ենթադրում է միանգամայն այլ թվեր, բայց այն, որ այդ գումարներով կարելի է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ապաստարաններ կառուցել և դրա անհրաժեշտությունը կա՝ փաստ է:
Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովն էլ  անդրադառնալով նույն հարցին, ասաց.
«Այդ գումարներով կարելի է աշխատատեղեր ստեղծել գյուղերում: Անգամ կտուրները վերանորոգել պետք չի, որովհետև եթե կտուրը կաթի, մարդիկ իրենք էլ մի կերպ կվերանորոգեն: Պետք չի բարեգործություններ անել: Երբ մեծամիտ մարդը գնում է ու իր պաշտպանին բարեգործություն է անում՝ դրանից սարսափելի բան չկա: Ավելի լավ է նրա համար աշխատատեղ ստեղծիր, որ նա մնա իր տանը և թուրքը չգա քո բիզնեսը և գեղեցիկ կնոջդ ձեռքիցդ խլի»:
Նշենք, որ անցած տարի «Էրեբունի Երևան» տոնակատարության համար ծախսվել է 180 միլիոն դրամ:

Մարինե Բարսեղյան