24-06-2014 13:25

Ո՞րն է պատճառը մայրական և մանկական մահացությունների

Աշխարհում ամենանվիրական պահը երեխայի ծնունդն է, սակայն շատ ու շատ ընտանիքներում այդ երջանկությունը խաթարվում է: Մայրական մահացության դեպքերն ամբողջ աշխարհում բարձր տոկոս են կազմում: Դրանց պատճառները կարող են տարբեր լինել, խրոնիկ հիվանդություններից մինչև ծննդաբերական բարդություններ: Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազում է: Եթե անցյալ տարի գրանցվել է մահվան 8 դեպք, ապա այս տարի դեռևս 1:
Ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով, սույն թվականի մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել է Կարինե Պապանյանը։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր: Հետաքրքրականն այն է, որ նմանատիպ դեպքեր հիմնականում գրանցվում են մարզերում, ի՞նչ է սա, բուժտեխնիկայի բացակայություն, թե՞ լավ մասնագետների պակաս:
News.gisher.ru-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ հարկավոր չէ դեպքերն ու վայրերը համեմատել: Մայրական և մանկական մահացությունների թիվը տարածված չարիք է ողջ աշխարհում: Անգամ ամենալավ մասնագետը հնարավոր է, որ չկարողանա ծայրահեղ իրավիճակներում փրկել մոր կամ երեխայի կյանքը:

1990-ից ի վեր աշխարհում երեխաների մահացությունը նվազել է գրեթե 2 անգամ: Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի նոր զեկույցում: 2012-ին աշխարհում մահացել է 6.6 մլն երեխա, իսկ 1990-ին այդ ցուցանիշը կազմել է 12 մլն:
Ըստ Սարիբեկյանի նաև շատ կարևոր է հղի կանանց գիտելիքների մակարդակը, քանի որ մահվանը նպաստում է նաև չիմացության մակարդակը: Այդուհանդերձ, ողջ աշխարհում այսօր փորձ է արվում մշակել այնպսի ծրագրեր, որոնցով հնարավոր կդառնալ կանխել մայրական և մանկական մահացությունների թիվը: