Բավ է պառակտվել
19-07-2017 15:11

ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու հարցը քննարկման ենթակա չէ. Փորձագետ

Կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, քանի որ իրենցից բացարձակ արժեք են ներկայացնում, իսկ Հայաստանի պետական լեզվի վերաբերյալ հարցը դրանցից մեկն է, այս մասին ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Երկուշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հանրապետության օրենսդրությունում ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքները հնարավոր լինի ճանաչել ՌԴ տարածքում: Բաբլոյանը մերժել էր այդ առաջարկը, ընդգծելով, որ Հայաստանի օրենսդությամբ սահմանված չէ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելը:
« Նույնիսկ ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանում միայն մեկ պետական լեզու էր՝ հայերենը, իսկ ռուսաց լեզուն միջպետական էր»,- չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գասպարյանը:
Նրա կարծիքով հայերը պետք է ջանքեր գործադրեն՝ մայրենի լեզուն պահպանելու համար: Սակայն, ինչպես նշել է Գասպարյանը, դա չի նշանակում, որ երեխաները հայկական դպրոցներում օտար լեզուներ չպետք է սովորեն:
« Աճող սերունդը պետք է լավ տիրապետի և՛ ռուսերենին, և՛ անգլերենին, բայց ո՛չ մայրենի լեզվի հաշվին»,- նշել է նա:
ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի կողմից նման ճնշումը միանգամայն հասկանալի է:
« Նրանք կարծում են, որ եթե այդքան հայ ապրում ու աշխատում է Ռուսաստանում, ուրեմն մենք պետք է իրենց դուդուկի տակ պարենք»,- ասել է նա:
Դիլբարյանի կարծիքով, նման առաջարկին հայկական կողմը պետք է շատ ավելի կոշտ պատասխան տար. Հայաստանում պետական լեզու կարող է լինել միայն հայերենը, այլ տարբերակներ չեն քննարկվում:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին ևս քննադատաբար է արտահայտվել ՀՀ խորհրդարանի նախագահի պատասխանի վերաբերյալ, ով, իր կարծիքով, իրականում այդ հարցի շուրջ կիսում է հասարակական կարծիքը:
« Բաբլոյանը նշել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու հարցը օրակարգում չկա, իսկ դա ի՞նչ է նշանակում, որ մի օր այն կարող է հայտնվի՞»,-ասել է Բախշյանը և հավելել, որ դա չի եղել և երբեք էլ չի լինի:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ որևէ կապ չի տեսնում ՌԴ-ում հայ վարորդի աշխատանքի և ՀՀ-ում ռուսական լեզվի պաշտոնական կարգավիճակի միջև:
« Եթե նրանց հետազոտությունների համաձայն Ռուսաստանում ավտոպատահարների մեծ մասը տեղի է ունենում ռուսաց լեզվի չիմացության պատճառով, ուրեմն թող նախքան վարորդական իրավունք տրամադրելը ռուսաց լեզվի քննություն անցկացնեն»,- առաջարկել է նա:
Քոչարյանը նաև վստահություն է հայտնել, որ այն երկրներում, որտեղ ռուսերենը պետական լեզուներից մեկն է հանդիսանում, ոչ բոլորն են ազատ տիրապետում դրան:
Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ Վոլոդինի առաջարկն ընկալել է իբրև վիրավորանք, և նշում է, որ նման հարցը քննարկման ենթակա չէ:
Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքով բեռնափոխադրումներ կատարող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքներ կիրառելու արգելքը:
Բեռնափոխադրումներով զբաղվող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պահանջը չի տարածվելու Ղրղզստանի, ինչպես նաև Բելոռուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա, որտեղ ռուսաց լեզուն պետական կարգավիճակ ունի:
Այդպիսով, փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրների ցանկից չեն տարածվում միայն Հայաստանի վրա: