09-12-2016 12:29

Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից (Լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։

Հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։

Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, ինչից հետո իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի հետևանքով վնասված հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ հանցագործը ոչինչ չի կարողացել տանել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև վարչական շրջանի դատախազներ Արթուր Մելիքյանն ու Սմբատ Մովսիսյանը։