Բավ է պառակտվել
19-07-2016 08:34

ՊՊԾ գնդի գրոհից անցել է 48 ժամից ավելի. բանակցությունները շարունակվում են (լուսանկարներ)

Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների, անցել է ավելի քան 48 ժամ անց: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական պատը, որը կազմվել էր նախօրեին երեկոյան, այժմ չկա: Տեղանքը սակավամարդ է դարձել: Նախօրեին երեկոյան ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Խորենացի փողոցում, այստեղ են եկել ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը, որոնք համակարգում էին ոստիկանական ուժերի շարժը: Նրանք հրաժարվել են խոսել լրագրողների հետ:

Միաժամանակ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւ այլ ակտիվիստներ Երեւանի կենտրոնում երթ են անցկացրել ապա նստացույց սկսել Մաշտոց և Թումանյան փողոցների հատվածում: Նրանք պահանջում են ազատ արձակել այսօր Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին: Համոզվելով, որ երթի մասնակիցները ազատ են արձակվել, նրանք շարժվել են դեպի Ազատության հրապարակ: Ավելի ուշ մոտ հարյուր ցուցարարներ երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց: Այստեղ նրանց դիմավորել են ոստիկանական շղթան: Ոստիկանները եղել են սաղավարտներով եւ մահակներով զինված:  ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, «փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք»: Նախօրեին եւս ոստիկանությունը շարունակել է Խորենացի փողոցի մոտից եւ Ազատության հրաժարակից մարդկանց բերման ենթարկել, որոնց մի մասը բռնության է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի: Խորենացի փողոցը առաջվա պես փակ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: