Բավ է պառակտվել
23-07-2016 11:12

«Սասնա ծռեր» խումբը ազատ է արձակել 2 ոստիկանների

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակումից 7 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

Այս տեղեկությունը հաստատել է Վիտալի Բալասանյանը:

«Այն տղաները, որ գտնվում են զորամասում (նկատի ունի ՊՊԾ գունդը-խմբ), մեր մարտական ընկերների եւ երիտասարդ տղաների հետ համատեղ, որոշել ենք քայլ անել: Մենք շարքային երկու ոստիկաններին առանց որեւէ պայմանավորվածության ազատ ենք արձակել: Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատախան, որպեսզի լրատվամիջոցների համար ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն:

Միաժամանակ այդ պահին ազատ կարձակեն մնացած 2 պատանդներին՝ եւ Օսիպյանին, եւ Եղիազարյանին: Սա փոխանակում չէ, դա քայլ է, որ կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,-ասել է նա:

Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը: