Բավ է պառակտվել
27-07-2016 12:43

Բժիշկներին ազատ արձակելու համար «Սասնա ծռերը» պայման են ներկայացրել

ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռեր» խումբը առավոտյան պատանդ է վերցրել Շտապօգնություն» ՓԲԸ–ի բուժաշխատողներին։

Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել վաղ առավոտյան, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին:

Կայքի հաղորդմամբ` զինված խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց նրանք ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։ 

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։