Բավ է պառակտվել
18-07-2014 11:52

Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռն աննախադեպ դաժանություն է

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ:

«Հուլիսի 17-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շինծու մեղադրանքով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային եւ հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:

Նույնիսկ մեր երկրում հաստատված արդարության ճգնաժամի պայմաններում նրան մեղսագրվող արարքների համար այդպիսի ծանր պատժի նշանակումն աննախադեպ դաժանություն է:

Միեւնույն ժամանակ՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ այս բացահայտ ու ցինիկ հաշվեհարդարը մեր ժողովրդին, նրա պայքարող տեսակին ուղղված մարտահրավեր է:

Իր հերթին՝ հոգեվարքային ակտիվություն հիշեցնող այս ջղաձիգ ու անհավասարակշիռ քայլը վկայում է ռեժիմի մոտալուտ վախճանի մասին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է մարտահրավերն ընդունելու մասին եւ կոչ է անում մեր ժողովրդին կազմակերպվել եւ մոտ ապագայում պատրաստ լինել իր կամքը ռեժիմին պարտադրելուն:

Նախախորհրդարանի քարտուղարությունը վերստին հաստատում է, որ մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամյակը ռեժիմը հեռացվելու է ժողովրդի համախումբ ուժով, իսկ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ անարդար որոշումներ կայացրած դատավորները, պատասխան են տալու օրենքի եւ արդարադատության առջեւ:

Ռեժիմին մնաց 41 շաբաթ: Մենք ենք տերը մեր երկրի»,- ասվում է հայտարարության մեջ: