Բավ է պառակտվել
24-05-2014 14:10

«Հերթական անգամ դատարանները թքեցին արդարադատության երեսին». փաստաբան


«Երեկ դատավորին ինքնաբացարկ տալու միջնորդության հիմքում դրեցի այն հանգամանքը, որ բոլոր վկաներն արդեն ցուցմունք տվել են, ցավոք սրտի, մեր դատարանն իրեն պահեց այնպես, ինչպես կպահեր արդարադատություն իրականացնելու մի անընդունակ մարմին: Մերժեց միջնորդությունը առանց որևէ հիմնավորման»,- այսօր կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն անրադառնալով նրա գործով վերջին դատավարությանը: Փասաբանի համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանին ազատ չարձակելու հարցի պատասխանը չափից ավելի պարզ է իրենց համար, դատավորները պատրաստ են կատարել ցանկացած անօրինություն, միայն թե դեմ չգնան դատախազությանը և իշխանությանը: «Հերթական անգամ դատարանները թքեցին արդարադատության երեսին»,- հավելեց նա:
Խոսելով հետագա քայլերի մասին Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ պահանջելու է, որպեսզի Արդարադատության խորհուրդը քրեական պատասխանատվության ենթարկի դատավորին:
Ասուլիսին ներկա «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն էլ իր հերթին նշեց, որ այսօրվա իշխանությունները դիտավորյալ Վոլոդյա Ավետիսյանին պահում են անազատության մեջ: «Փաստորեն մեր երկրում արդեն գործում է իրավական տեռոր: Մարդուն իր հասարակական և քաղաքական գործունեության համար հստակ պատժում են: Պատժում են ոչ միայն իրավապես, այլ հոգեպես: Նրա որդուն առողջական խնդիրների պարագայում զորակոչեցին բանակ, որտեղից նրան տարան հոսպիտալ»,-մանրամասեց բանախոսը:
Նախաձեռնության ղեկավարը նաև կոչ արեց բոլոր ազատամարտիկներին կանգնել Վոլոդյա Ավետիսյանի կողքին. «Տղանե՛ր, Վոլոդյան կանգնել էր բոլորիդ համար, բայց նա այսօր դարձավ «խարդախ կամ կաշառակեր»»:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը ամիսներ շարունակ գտնվում է անազատության մեջ՝ մեղադրվելով խուլիգանության մեջ: