Բավ է պառակտվել
02-10-2015 08:34

Ֆրանսիական ռազմական տեսուչները այցելել են Բերդավան գյուղ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ տեսչության շրջանակում խումբն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր: Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաեւ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, եւ երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ: Հոկտեմբերի 1-ին բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի եւ փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը: