10-10-2016 14:42

Խոշոր ավտովթար Տավուշում. ՊՆ կապիտանը տեղում մահացել է

Երկուշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 13։10-ի սահմանում Երևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում բախվել են Վաչագան Հայրապետյանի վարած «Վազ 2107» մակնիշի և Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ 31-ամյա Արտակ Աթաբեկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջանի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննչական խումբը։

Ըստ տեղեկությունների՝ մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ամբողջական տվյալները։