07-02-2014 18:44

ՀՀ ոստիկանապետը դժգոհել է ՃՈ անպատասխանատու, երբեմն էլ հանցավոր աշխատանքից

 Այսօր, փետրվարի 7-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ դժգոհություն է հայտնել առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծից, որի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել:
Այս մասին հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրել է, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար: Նա հայտարարել է, որ Ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները:


Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է, որ Ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:
Ի լրումն՝ Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգել է սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: