29-09-2014 13:01

Ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն առևտրականների


Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ) այսօր ստորագրահավաք է կազմակերպելու Ազգային ժողովում՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հետ կանչելու եւ եւ դրանում առաջարկվող փոփոխությունները արտահերթ քննարկման դնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի առջեւ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տոնավաճառների առեւտրականներին տեղեկացրին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը։ Նշենք, որ անհրաժեշտ է հավաքել առնվազն 44 ստորագրություն։ Առաջարկվող փոփոխությամբ օրենքն առեւտրականին հնարավորություն է տալու ընտրելու՝ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ փաստաթղթաշրջանառությունից, թե նոր օրենքով աշխատել, վճարել 1 տոկոս հարկ, բայց կատարել փաստաթղթաշրջանառություն։


Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն իսկ ցույցեր են անցկացրել կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։