Բավ է պառակտվել
22-10-2014 18:37

Պետք է ստեղծել դրական բրենդ՝ հիմնվելով դրական, բայց ճիշտ պատմությունների վրա.Քալաջյան

Հայաստանի կառավարությունը տուրիզմը զարգացնելու, ներդրումները ավելացնելու համար նպատակ է դրել ստեղծել Հայաստանի բրենդը՝ երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով։ Այս նպատակով այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում GK brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց Հայաստանի համար նոր բրենդ ստեղծելու մեթոդները, նոր բրենդի վերաբերյալ կատարված հետազոտությունները: «Աշխարհի շատ երկրներում Հայաստանը ասոցացնում են զոհի հետ: Այս պարագայում ո՞վ կցանկանա տոմս գնել և մեկնել մի երկիր, որը անհաջողակ է»,- այսպես իր ելույթում արտահայտվեց պրն Քալաջյանը։ Մասնագետի խոսքով՝ նման կերպով հնարավոր չի պատշաճ և աշխարհին ներկայանալի բրենդ ստեղծել ՀՀ-ի համար. «Լավը չի լինի բրենդը, եթե երկիրը ասոցացվում է զոհի հետ։ Պետք է ստեղծել դրական բրենդ՝ հիմնվելով դրական, բայց ճիշտ պատմությունների վրա»։ Այս առումով Հայաստանը աշխարհի երկրների ցանկում իր ճանաչելիությամբ 137-րդ տեղն է զբաղեցնում: Պրն Քալաջյանի խոսքով՝ զբոսաշրջիկներին և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար միայն այն փաստը, որ Հայաստանը Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, բավարար չէ. «Մենք չենք կարող միայն Քրիստոնեությունով ներգրավել մարդկանց, քանի որ հենց Իրանի կամ արաբական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք Քրիստոնեություն չեն դավանում, նման կերպով հրավիրել, որպեսզի ներդրումներ անեն, բավարար չէ»: Պրն Քալաջյանը նշում է, որ Հայաստանի բրենդի ստեղծման համար հետազոտություններ են իրականացվել, հարցումներ են անցկացվել, որոնց մասնակցել են շուրջ հազարից ավելի մարդիկ: Բանախոսը առաջարկում է բրենդի ստեղծման համար որպես հիմնական առանցք ընդունել հետևյալ դրույթները. «Առաջարկում եմ, որպեսզի բրենդի ստեղծման հիմք ընդունել նախ եւ առաջ ավանդույթները, հիմնվել մշակութային արժեքների վրա: Պետք է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում շատ կան արարող անձիք: Չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ կարծես բոլորին թվա, որ երկիրը դատարկվում է: Այն մարդիկ, որոնք լքում են երկիրը, հենց նրանք են երկրի համար արարում, ստեղծում, նորարարություններ անում»: Պրն Քալաջյանը իր ելույթում նաեւ առաջարկեց բրենդի ստեղծման համար ունենալ բրենդի «դեսպաններ». «Մարդիկ, որոնք կկարողանան ներկայացնել Հայաստանը: Նրանք կարող են լինել տաքսու վարորդներից մինչև կառավարության ներկայացուցիչներ»: Փորձագետը ներկայացրեց բրենդի նախնական տարբերակը, սակայն չցանկացավ այն ավելի մանրամասնել և դեռեւս հասանելի դարձնել. Այն կոչվում է «Armenia. Rewards the bold- Հայաստանը, համարձակների համար»: