13-10-2016 16:26

Հայերը երբեք չեն ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտի խորագիտակների պակաս.ՀՀ ՊՆ

Երևանում հանդիսավոր արարողությունից հետո բացվեց Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվելու է հոկտեմբերի 13-ից 15-ը:

Ցուցահանդեսի բացումից առաջ զինված ուժերի զինծառայողները հակառակորդին վնասազերծելու մասին փոքրիկ «ներկայացում» ցուցադրեցին:

«Այս ցուցահանդեսը առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական ոլորտի արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և միջազգային կապերի ընդլայնմանը», -ցուցահանդեսի բացման արարողությունից առաջ ունեցած ելույթում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով, միջազգային շուկայում մեր ժամանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ միասին պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ դիրքեր են զբաղեցնում նորարար մշակումները, որոնք թույլ են տալիս նորովի լուծել զինված ուժերի առջև դրված խնդիրները, փոխել մարտական գորչծողությունների վարման ձևերը:

«ArmHiTec-ն ունի բոլոր նախադրյալները զինված ուժերի շահերի համար առաջադեմ գաղափարների մշակման համար հեղինակավոր հարթակի վերածվելու, արդյունաբերության այս զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումըւ խթանելու համար: Ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիաների լուծումների վրա: Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբերնետիկայի, ռադիոֆիզիկայի ոլորտներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունեն բավարար ներուժ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», -հայտարարեց Սարգսյանը:

Նաև նկատեց, որ ցուցահանդեսի անցկացումը «Մերգելյան ինստիտուտում» խորհրդանշական է, քանի որ այն խորհրդային տարիներին ռազմաարդյունաբերության ոլորտում բացառիկ դեր ու նշանակություն ուներ:

«Այս հաստատության մշակած հատուկ հաշվիչ համալիրները հանդիսանում էին ԽՍՀՄ զինված ուժերի կառավարման համակարգի հանգուցային բաղադրիչները: Ընդհանրապես, հայ ժողովուրդը երբեք չի ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտի խորագիտակների պակաս: Ականավոր անունների շարքում կհիշատակեի՝ ՄիԳ կործանիչների գլխավոր կոնստրուկտոր Արտեմ Միկոյանին, էլեկտրատեխնիկայի ոլորտում խոշոր գիտական ներդրում ունեցող Անդրանիկ Իոսիֆյանին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար թթվածնային դիմակ ստեղծող Արթուր Բուլբուլյանին, ինչու ոչ, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կառավարման համակարգի գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանին, ԽՍՀՄ առաջին ատոմային և միջուկային բալիստիկ հրթիռների մարտական մասերի նախագծող Սամվել Քոչարյանցին», -հայտարարեց Սարգսյանը:

Ըստ պաշտոնյայի, այս ձեռքբերումների հիման վրա Հայաստանի ռազմաարդյունաբերությունն ունի համապատասխան մասշտաբով նորարարություն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ դառնալու բոլոր հնարավորությունները:

«Այս համատեքստում բոլոր տեղական արտադրողներին, գիտական համայնքի ներկայացուցիչներին, հայրենական ու միջազգային բուհերի առաջատար ուսանողներին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակները ուրվագծելու համար», -հայտարարեց Սարգսյանը: