Բավ է պառակտվել
14-09-2016 13:27

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. Լուռ բնաջնջում» գրքի անգլալեզու տարբերակը

Ներկայացվել է արգենտինացի գրող Սուլիմ Գրանովսկու «Հայոց ցեղասպանություն. Լուռ բնաջնջում» էլեկտրոնային գրքի անգլալեզու տարբերակը, հայտնում են Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամից:

1915 թվականի ողբերգական իրադարձություններին նվիրված էլեկտրոնային գրքի իսպաներեն տարբերակը լույս է տեսել 2010 թվականին։ Այն, ինչպես Հիմնադրամի ներկայացրած մյուս բոլոր աշխատությունները, բաց հասանելիություն ունի։

«Հայերը կառավարել են կայսրության ֆինանսերը, բիզնեսն ու արտահանումը վեց դարերի ընթացքում։ Կոնստանդնուպոլսի շենքերի, այդ թվում` մզկիթների մեծամասնությունը հայ ճարտարապետներ են կառուցել։ Հայ պաշտոնյաները խորհրդատվություն են տվել թուրքական վերնախավին»,– որպես իր գրքի մեկնաբանություն գրել է Գրանովսկին։

Ըստ նրա, այդ անդորրը կեղծ էր։ Արդեն 1895 թվականին թուրք սուլթան Աբդուլ Համիդը, ով Կարմիր սուլթան էր կոչվել իր` արյունարբու լինելու պատճառով, սադրեց 300 հազար հայերի ոչնչացումը։

«Համիդի օրոք «յուրաքանչյուր մահմեդական իրավունք ուներ իր թրի շեղբի սրությունը ստուգել հայ քրիստոնյայի պարանոցի վրա»։ Սպանությունները սելեկտիվ բնույթ էին կրում` Համիդը հրամայում էր հայերին ոչնչացնել Անատոլիայում, հատկապես եթե նրանք կապ ունեին քաղաքական կուսակցությունների կամ ռեժիմին սպառնացող կրոնական առաքելությունների հետ»,– գրում է Գրանովսկին։
Նա նշում է, որ հայերի օգնությամբ էլ իշխանության եկած երիտթուրքերը, ովքեր գահընկեց արին Համիդին, որոշեցին, որ հայերը թրքացման գործընթացի ներքին թշնամիներ են և պետք է ոչնչացվեն։

«Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան կարծում էր, որ «քանի որ հայերը զրկված են Օսմանյան կայսրությունում ապրելու իրավունքից», ապա ոչ մի փամփուշտ չպետք է օգտագործվի սրբազան պատերազմում, և նրանք պետք է սրախողխող արվեն և խեղդամահ արվեն Եփրատում։ Եվ դա իրականացվեց»,– գրել է Գրանովսկին։

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը զբաղվում է հայոց պատմությանը, մասնավորապես, Ցեղասպանության ժամանակահատվածին վերաբերող այլ նախագծերով։ Այդպիսի մի նախագծի շրջանակում թուրք պատմաբան Թանըր Աքչամի գլխավորությամբ Հիմնադրամը սկսել է զանգվածային կոտորածի տարիներին հայերին օգնող թուրքերի և քրդերի մասին տեղեկության որոնմամբ։