17-06-2015 10:58

Վիրահայոց թեմի երիտասարդները կամավոր մասնակցել են Թբիլիսիի մաքրման աշխատանքներին

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ, թբիլիսահայ երիտասարդների կազմով կամավորական ջոկատը մասնակցել է բնական աղետի հետևանքներից քաղաքի մաքրման աշխատանքներին: Առավոտյան ջոկատը մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում զոհվածների հոգիների խաղաղության համար հոգևոր սպասավորներ Տեր Սամվել քահանա Թորոսյանի և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի կողմից կատարված հոգեհանգստյան արարողակարգին: Այնուհետև կամավորները զինված բահերով և այլ անհրաժեշտ պարագաներով, ոտքով հասել են ողբերգության վայր՝ Թբիլիսիի Հերոսների հրապարակ և Լագունա Վերեի տարածք ու ձեռնամուխ եղել մաքրման աշխատանքներին: Ակտիվիստները ցեխից ու տիղմից մաքրել են տարածքը, մասնակցել ճանապարհը բացելու գործին: Երիտասարդները աշխատել են ամբողջ օրը և պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց մասնակցությունը բարեգործական գործողությանը: