Բավ է պառակտվել
14-05-2017 19:49

Երևանի ավագանու ընտրություններն ավարտվել են

Կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցնող ավագանու ընտրություններն ավարտվել են:
Ժամը 20:00-ին փակվել են Երևանի տարածքում գործող բոլոր 474 ընտրատեղամասերը:
ԿԸՀ վերջին տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ ավագանու ընտրություններին քվեարկել է 290 737 մարդ, կամ ընտրողների ընդհանուր քանակի 34,52%-ը: Նշենք, որ ընտրողների ցուցակում ներառված է 842 147 մարդ:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետին ընտրում է ավագանին, որը կազմավորվում է քվեարկության համամասնական համակարգով անցկացվող համաքաղաքային ընտրությունների միջոցով:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստացել է տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն էլ համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրված պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից, կամ եթե ոչ մի կուսակցություն 50%-ից ավել տեղեր չի ստանում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ:
Ներկայիս ավագանու մեջ մտնում է երեք խմբակցություն՝ «ՀՀԿ»-ն, «ԲՀԿ»-ն և ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցությունը:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնավարում է 2011 թվականից: