Բավ է պառակտվել
30-03-2015 11:45

Ուկրաինացի վետերանները հրավիրվել են Մոսկվայի Հաղթանակի շքերթին

Ուկրաինայում բնակվող Մեծ Հայրենական պատերազմի վետերանները հրավիրվել են Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվող Հաղթանակի շքերթին: Այդ մասին պատմեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Նրանք Ուկրաինայի տարբեր շրջաններից, տարբեր տարածքներից, այդ թվում նաև արևմտյան, կենտրոնական և հարավ-արևելյան շրջանների վետերաններն են»,- ասաց Լուկաշևիչը: Նրա խոսքով՝ վետերաններին կարող են ուղեկցել նրանց հարազատները: Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմում նշել են, որ պետության ղեկավարը Մոսկվայում հանդիսություններին մասնակցելու հրավեր չի ստացել: Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցները կկարողանան ներկա լինել Հաղթանակի շքերթին միայն հրավիրատոմսերով: Ռուսաստանի յուրաքանչյուր շրջանից միջոցառմանը ներկա կլինի մեկական մարդ իր ուղեկցորդի հետ: Ընդհանուր առմամբ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում ակնկալվում է շուրջ հինգ հազար հյուր: Հսղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթները կանցնեն Ռուսաստանի 26 քաղաքում: Կարմիր հրապարակի շքերթին կմասնակցի 194 միավոր զրահամեքենա, 150 ինքնաթիռ և ուղղաթիռ, 14 հազար զինծառայող: Ավելի վաղ շքերթին մասնակցելուց հրաժարվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Թուսկը: Բացի այդ Մոսկվա չեն ժամանի նաև Իսրայելի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները: Մայիսի 8-ին և 9-ին Ուկրաինայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ կանցնեն: Պորոշենկոն անվանել է այդ օրերը երկիրը միավորող տոներ: