24-07-2014 15:01

Ինչքան գիտեմ Վերնիսաժի գործով նախաքննությունն ընթանում է. արդարադատության նախարար

ՀՀ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին լրագրողները հարցեր ուղղեցին` կապված Վերնիսաժի գործի հետ: Նախարարը խնդրեց իրեն տալ հարցեր, որոնք իր լիազորությունների շրջանակներում են: Նշենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված և կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը ներկայացրել է որդու առողջական վիճակի հետ կապված մանրամասներ` ասելով, որ անօրինակ են իր տղային պատգարակի վրա տեղափոխել դատարան ու կալանավորել:

«Ինչքան գիտեմ՝ նախաքննություն է ընթանում: Իրավունք չունեմ միջամտելու նախաքննությանը և նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել, քանի որ ինքս իրավաբան եմ և աշխատել եմ իրավապահ համակարգում, դատավոր եմ եղել, և հասկանում եմ դրա անիմաստությունը, սխալը, հատկապես եթե գործը գտնվում է նախաքննության փուլում: Իհարկե, քաղաքական գործիչները և մամուլը կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել, բայց ես կառավարության անդամ եմ, արդարադատության նախարարն եմ և չեմ կարող ինձ նման շռայլություններ թույլ տալ»,- ասաց Հ.Մանուկյանը:

«Ինչ վերաբերում է բուժծառայության և բուժսպասարկման խնդիրներին, դրանք գտնվում են իմ ամենօրյա հսկողության ներքո: Եթե լուրջ ահազանգ ստանում եմ, ապա անմիջապես զբաղվում եմ այդ խնդրով: Այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ հարցեր են լուծվել, մասնավորապես, ցմահ դատապարտվածների հետ կապված»,- հավելեց Հ.Մանուկյանը: