Բավ է պառակտվել
09-06-2014 17:49

Վրաններ են տրամադրվել Վերին Լարսում կուտակված քաղաքացիներին

Այսօր Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելել է բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ: Հյուպատոսության աշխատակցի խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն:

Ըստ աղբյուրի, ՌԴ միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվի Վերին Լարս անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:

Տեղեկացնում են նաև, որ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին մեր հայրենակիցներին:

Հիշեցնենք` դեռևս մայիսի 17-ին Լարսում փլվածք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ ՀՀ քաղաքացիներ էին կուտակվել: