05-09-2014 12:32

Տրոլեյբուսների մասնակի նորոգման աշխատանքներ`«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունում

Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, նորերով են փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի 14200 մետր երկարությամբ պղնձալարերը:

Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև Սեբաստիայի, Էրեբունի և Թևոսյան փողոցների առանձին հատվածներում: Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիևյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում և Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212 հենասյուն:

Խանջյան փողոցում նաև հպակային լարերն են փոխարինվել`2200 մետր երկարությամբ: Կազմակերպվել են ընկերությանը պատկանող այլ մեքենամեխանիզմների ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման աշխատանքներ: Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է թվով 4 տրոլեյբուս, ևս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: