15-09-2014 15:24

Արցախում էկոգյուղերի ցանց ստեղծելու նախագիծ կա

Այսօր րավիրված մամուլի ասուլիսի ընթացքոււմ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը հայտարարեց, որ Արցախում «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանց ստեղծելու նպատակով 80-100 հազար դոլար արժողությամբ ծրագիր է մշակվելու, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
«Փորձելու ենք դրամահավաքների միջոցով հայթայթել գումարը, քանի որ միջազգային կառույցների դեպքում չեն կարող վստահ լինել ֆինանսավորման հարցում, քանի որ վերաբերում է Արցախին։ Դիմելու ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերին, օգտագործելու ենք ինչպես տեղական, այնպես էլ սփյուռքի ռեսուրսը, ինչպես նաև բիզնես ոլորտը»,- ասաց Արսեն Գասպարյանը։
Ասուլիսի մասնակից «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը նշեց, որ ԼՂՀ կառավարության հետ արդեն պայմանավորվածությունը ձեռք է բերվել։
«Արցախում ծրագրի հետ կապված մեծ սպասելիքներ կան, ԼՂՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել, ստեղծվելու է բնապահպանական ակումբ, որի շրջանակում տեղի երիտասարդները կամավորական աշխատանքներ են իրականացնելու»,- ասաց Սուսաննա Պետրոսյան:
Արսեն Գասապարյանն էլ ավելացրեց, որ նախաձեռնությունը հասարակական բնապահպանական բնույթ ունի։ «Ցանկացած մարդ կարող է մասնակցել կամավորական աշխատանքներին անկախ նրանից՝ բնապահպանական կրթություն ունի, թե՝ այլ»:
Հանդիպման ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահը կարևորեց ծրագրի իրականացումը նաև Արցախի համայնքների բնակիչներին արտագաղթից հետ պահելու տեսանկյունից։