27-12-2013 10:51

Օրենսդրական փոփոխությունների համար Վճռաբեկ դատարանը կստեղծի աշխատանքային խումբ

Կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համատեղ քննարկումը՝ արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։ Քննարկման արդյունքում կողմերը, կարևորելով բարձրագույն դատական ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի առանձնահատուկ դերը արդարադատության ոլորտում, նպատակ ունենալով առավելագույնս ապահովել արդար, մատչելի և արդյունավետ դատաքննության իրավունքը, նկատի ունենալով արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ կառուցողական քննարկումների կարևորությունը, որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Խմբի առջև դրվել է, մասնավորապես, հետևյալ խնդիրը. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը վերացնելու համար ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանում առկա դատավորների և բողոքարկվող գործերի քանակը։
Աշխատանքային խմբի կազմը կորոշվի և կհրապարակվի լրացուցիչ։
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն