25-09-2014 15:48

Սոցիալական նպաստները յուրացրած Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանքներ առաջադրվեցին

Սոցիալական նպաստների յուրացումների գործով որպես ամբաստանյալ անցնող՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Սամվել Էլբակյանին այսօր` սեպտեմբերի 25-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առաջադրվեց նոր, առավել խստացված մեղադրանք։
Նրանց առաջադրված մեղադրանքում ավելացվեց ՀՀ ՔՕ 38-րդ հոդվածը, որով դասակարգվում են դերակատարների հանցակցության տեսակները։
Նաև 7 մլն դրամով ավելացվել է յուրացված գումարի ընդհանուր չափը՝ 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամի փոխարեն՝ 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:
Նախագահողն ընդունեց մեղադրող կողմի միջնորդությունը եւ առաջարկեց կողմերին հետաձգել դատը` նոր դատական քննություն սկսելու նպատակով:
«Ամերիա» բանկի ներկայացուցիչը ներկայացրեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի դիմում-բողոքը, ըստ որի` Վ. Խաչիկյանը չի կատարել մոտ 70 մլն ՀՀ դրամի վարկային պատավորությունը, ինչը զգալի ֆինանսական վնասներ է պատճառել բանկին։
Նախագահողը դիմումը թողեց առանց քննության` հաշվի առնելով պաշտպանական կողմի փաստարկված միջնորդությունը:
Այս գործով հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ` ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: