17-02-2014 16:11

Վարորդներն արագաչափ սարքերի քանակի ավելացումը կողոպուտ են համարում

Քաղաքում, օրեցօր ավելանում են արագաչափ տեսախցիկները: Վարորդները սրտնեղում են, իսկ ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ տեսախցիկներն ավելանում են և քաղաքացիները պետք է ընտելանան նոր համակարգին: ՛՛Իմ տվյալներով, մոտ մեկ միլիոն տուգանք է կիրառվել, որի մեկ քառորդը չի վճարվել, կան վարորդներ, ովքեր 20-ից ավելի վարչական տուգանքի ծանուցումներ են ստացել: Մեր պահանջն է, որպեսզի ստեղծվի գանգատարկման հանձնաժողով՛՛,-նշեց Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի ՊԵԿ-ն այս փորձն ունի:
Մեզ հետ զրույցում մի քանի վարորդներ, հատկապես տաքսի վարող, նշեցին, որ օրինակ՝ Արցախի պողոտայում, փողոցի երկու կողմում նոր տեսախցիկներ են տեղադրվել, բայց սա ոչ թե բարեփոխում է, այլ կողոպուտ. ՛՛Հասկացանք, ուզում են, որ վթարներ չլինեն, բայց արագ քշողը մեկա քշելուա, իսկ մենք, որ լարված գործի վրա ենք, լարվում ենք, կարողա մի քանի խախտում էլ անենք, պատկերացրեք, ամսվա վերջին մի 50 հազարի տուգանքա գալիս: Ետ տուգանքները ո՞նց եմ տալու, մարդ եմ, կարողա տանեցիքից մեկը վատա եղել, արագ քշել եմ, որ տուն հասնեմ՛՛,- մեզ հետ զրույցում նշեց վարորդ Գևորգը:
Վարորդները ճանապարհային ոստիկանությունից պահանջում են գանգատարկման հանձնաժողով, որտեղ իրենց ձայնը լսելի կլինի: