Բավ է պառակտվել
30-04-2014 19:40

Ի՞նչ սկզբունքով են տուգանում, էտ 30 հազար դրամներն ու՞մ գրպանն է գնում, ճզմում են մեզ. վարորդները դժգոհում են

Թերևս արագաչափ սարքերը տեղադրվելուց հետո թվում էր ՝ երթևեկության կանոնները կբարելավվեն և վարորդների համար էլ ավելի լավ պայմաններ կստեղծվեն, սակայն պատկերն ամբողջովին այլ է:Վարորդների հիմնական բողոքը կապված է տուգանքների դրույքաչափերի հետ, որոնք , միջինը կազմում են 30 հազար դրամ: Gisher.news-ի հետ զրույցում Երևանի տաքսի ծառայությունում աշխատող 29-ամյա Արմենը նշեց, որ արդեն համբերության բաժակը լցվել է.

՛՛Էս ինչա՞ կատարվում, արտաքուստ ցույց են տալիս, թե կարգուկանոն են հաստատում, բայց արի ու տես՝ ներսից մեզ հոշոտում են՛՛,-բավականին սրտնեղած նշեց վարորդն ու հավելեց, որ հնարավոր է երբեմն արագությունը գերազանցի, դա էլ պայմանավորված է ժամանակին պատվերը կատարելու հետ.
՛՛Բայց հո 150-ի տակ չեմ վարում, ասենք, նախատեսված արագությունից մի 10-ով եմ գերազանցում, մեկ էլ չըխկ, նկարվեցի, ու 20-30 հազար դրամ տուգանքա գալիս, ու հարցը նա է, որ էլ ներում-բեկում չկա, պիտի վճարես՛՛:

Մեզ հետ զրույցում մեկ ուրիշ վարորդ նշեց, որ այս ալան-թալանի պայմաններում գրեթե անհնար է աշխատելը:
՛՛54 տարեկան մարդ եմ, ավարտել եմ բարձրագույն, բայց էսօրվա դրությամբ վարորդ եմ աշխատում, պատկերացրեք մի 10 տարի առաջ գործերս լավ էր, բայց ես վերջին 3 տարվա ընթացքում հեչ լավ չի, էնքան հարկ են վզիս դրել, որ տակից դուրս չեմ գալիս, վրա դիր ես արագաչափերի նկարածը, ժողովրդին ամեն կերպ մզում են, լիմոնի պես ճզմում, էլ քամելու տեղ չի մնացել՛՛:

Վարորդները նշեցին, որ այլևս ոչ մի դրական ակնկալիք չունեն: Ըստ նրանց, եթե այս ոլորտը կարգավորել չի ստացվում, ուրեմն այլ, ավելի կարևոր ոլորտներ այդպես էլ բացիթողի կմնան:

՛՛Կառավարության կազմ փոխվեց, նախարարներ նշանակեցին, հա բայց ի՞նչ, խեղճ խավը միշտ էլ գլուխը կախ կմնա՛՛,-նշեց վարորդ Արմենը և ասաց, որ հազիվ հասցնում է օրվա հացի գումար տուն տանել:
Վարորդները նշեցին, որ ցանկացած հարցում համախմբվածություն է հարկավոր, ըստ նրանց , եթե իրենք գործադուլ անեն ու համառորեն պնդեն իրենց պահանջներն, ապա անպայման դրական արդյունքի կհասնեն:
՛՛Բայց միշտ էլ վերջնական արդյունքի չենք հասնում, քանի որ մի 10-20 հոգով ենք բողոքում, մնացածը կողք են քաշվում ու վախենում են գործը կորցնել, դրա համար էլ իշխանությունը գիտի, որ ինչ էլ անեն, մեկա բողոքող չկա ու շատ հանգիստ արածն անում են, մեզ քամում են, անկապ-անկապ էլ տուգանքներ են գրում: Ուզում եմ հասկանամ էլի, էտ ովա ետ տուգանքի չափը որոշել, ի՞նչ սկզբունքով, ում գրպաննա գնում 30 հազարները՛՛,-նշեց վարորդներից մեկը, ով ներկայանալ չցանկացավ:

Վարորդները շատ ասելիք ու պահանջ ունեն, բայց վերջնական եզրահանգման չեն գալիս, ցանկանում են կոչ անել բոլորին ու պայքարել, բայց անգամ չգիտեն՝ կոնկրետ ում դեմ: Այդուհանդերձ, դեռևս յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարում, բայց ՛՛սպառնում են՛՛ ու զգուշացնում, որ մի օր ՛՛հրաբուխը կժայթկի՛՛: