Բավ է պառակտվել
21-01-2015 12:38

ՀՀ և ՌԴ խախտել են երկու միջպետական համաձայնագիր. Վովա Վարդանով

Ռուսաստանը և Հայաստանը խախտել են երկու միջպետական համաձայնագիր: Այդ մասին ասուլիսին հայտարարել է նախկին հետախույզ, հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանությունը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին բռնել էին հայ-թուրքական սահմանում, ապա ինչպես սովորաբար ընդունված է նման դեպքերում, անհրաժեշտ էր անցկացնել համատեղ հարցաքննություն, որից հետո հանցագործին պետք է փոխանցեին Հայաստանի համապատասխան մարմիններին: «Քանի որ խախտվել են Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի օրենքները»,- ասել է Վարդանովը: Նրա կարծիքով՝ սրանով իսկ երկու երկրները խախտել են երկու միջպետական համձայնագիր՝ ՀՀ տարածքում ռազմաբազայի մասին և հանրապետության տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին համաձայնագրերը: «Պերմյակովի ձերբակալությունից հետո երկու կոպիտ սխալ է կատարվել. սպանությունը կատարելուց հետո հանցագործին վերադարձրել են ՌԴ ռազմաբազան և չեն փոխանցել ՀՀ իրավապահներին», - հավելել է Վարդանովը: Նա նաև նշել է, որ այդ սպանության մեջ շատ տարօրինակություններ կան: «Կատարվել է զարհուրելի սպանություն: Հարցականի տակ է, թե ինչպես Գյումրիում ընդամենը մեկ ամիս գտնվող ՌԴ զինծառայողը կարողացավ գտնել այդ հասցեով գտնվող տունը: Եթե դուք եղել եք Գյումրիում, ապա գիտեք, թե որքան բարդ է գտնել Գյումրիի արվարձաններում գտնվող տները: Չէ՞ որ Պերմյակովը շատ վաղուց չէր գտնվում Գյումրիում և հազվադեպ էր քաղաք դուրս գալիս: Մինչ այժմ հանելուկ է, թե ինչն է նրան ստիպել կատարել հանցագործությունը», - ասել է Վարդանովը: Նրա կարծիքով՝ կամ հանցագործը հոգեպես անկայունանձնավորություն է, կամ էլ լավ պատրաստված քիլլեր, և նրա գործողությունները կապված են եղել տվյալ ընտանիքի անդամների ՌԴ արտագնա աշխատանքի հետ: «Ինչպե՞ս է մարդասպանը կարողացել մտնել տուն, գնդակահարել ընտանիքի անդամներին «Կալաշնիկով» ինքնաձիգից առանց հարևաններին արթնացնելու: Չէ՞ որ տվյալ ինքնաձիգը չափազանց բարձր աղմուկ է հանում», - հավելել է նա: