Բավ է պառակտվել
06-06-2014 16:52

Դերասան Վարդան Պետրոսյանը չպետք է գերազանցեր արագությունը

Դերասան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի հետ կապված ոչ մի անսարքություն չի հայտնաբերվել, որը գոյություն ունենար մինչև պատահարը և Վարդան Պետրոսյանին թույլ չտար կառավարել մեքենան: Այս տեղեկությունը այսօր, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

««ԲՄՎ-320»-ի վարորդն անվտանգ երթևեկություն իրականացնելու համար չպետք է գերազանցեր արագությունը: Վարորդը պետք է ընտրեր այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել մեքենան: «ԲՄՎ-320»-ի վարորդը տեխնիկական տվյալներից թույլ տված սխալի արդյունքում է ստեղծել վթարային իրադրություն»,-փորձագիտական եզրակացությունն ընթերցեց դատավորը:

Իսկ ըստ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան։

«Դեպքի վայրի զննության կից արձանագրության գծագրում նշված է մեքենայից պոկված 2 պլաստմասայի կտորի վայրը, գրված է երեք բառ՝ «բախման վայր, որտեղ», որի արդյունքում իրականում բանուկ մասում տեղի ունեցած վթարը տեղափոխվել է կողնակ: Այդ երեք բառերն են որոշել Վարդան Պետրոսյանի ճակատագիրը»,-նշեց պաշտպանը:

Ըստ նրա՝ քննիչը սխալ է թույլ տվել նաեւ՝ գծագրում ամբողջությամբ չնշելով «ԲՄՎ-320»-ի հետքը:

«Երբ նայում ենք դեպքի վայրի առաջին արձանագրությանը, հետքը կողնակով շարունակվում է: Որպես վթարի վայր ընտրվել է կողնակի այն վայրը, որը քննիչն է ընտրել որպես վթարի վայր: Շամշյանի նկարած նկարում էդ հետքը երևում ա, իսկ ինքը չի գծել: Եթե հետքը գծեին, Վարդանին չէին կարող մեղադրանք առաջադրել»,- նշեց պաշտպանը:

Փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով պաշտպանի միջնորդությանը, ասաց. «Պաշտպանն այնպես է նկարագրում, կարծես ինքը Վարդան Պետրոսյանի մեքենայի մեջ է եղել»:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: