12-09-2014 15:41

Երկու 16 տարեկան երեխու գլուխ է կերել, հիմա էլ չի պատասխանում. Վարդան Պետրոսյանի դատը շարունակվում է

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրաասության դատարանում հրաժարվեց պատասխանել տուժող Արթուր Հակոբյանի հարցերին, այս քայլը նա բացատրեց կոնֆլիկտային իրավիճակից խուսափելով։
«Ես հեռախոսային զրույց եմ ունեցել Արթուր Հակոբյանի հետ եւ ասել եմ, որ իմ դուրս գալուց հետո եթե ինձ ցմահ չտան, կպատասխանեմ իր հարցերին՝ նայելով իր աչքերին։ Ես ասել եմ, որ դատարանում նրա հարցերին չեմ պատասխանի, եւ դրանով կոնֆլիկտային իրավիճակը ավելի կսրեմ, այդ պատճառով ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ առարկելով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությանը, որպեսզի ինքը ենթարկվի լրացուցիչ հարցաքննության եւ պատասխանի Արթուր Հակոբյանի հարցերին։
Վարդան Պետրոսյանի փաստաբանը նույնպես առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ ցուցմունք տալուց հրաժարվելը իր պաշտպանյալի իրավունքն է, նա ցանկություն չունի ցուցմունք տալու եւ ավելացնելու բան չունի։
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց միջնորդությունը, սակայն Վարդան Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Արթուր, ես դրսում կնայեմ քո աչքերին եւ կպատասխանեմ քո հարցերին, դրսի հարցերը մի բեր եւ դատարանում մի տուր ինձ»։
Տուժող Արթուր Հակոբյանն էլ հայտարարեց. «Երկու 16 տարեկան երեխու գլուխ է կերել, հիմա չի ուզում իմ հարցերին պատասխանել, թողեք մենք էլ խոսենք, մենք էլ արտահայտվենք»։
Դատավորը տուժող կողմին նկատողություն արեց, որ եթե ասելիք ունեն, կարող են հայտարարությամբ հանդես գալ։
Այս պահին դատարանում հարցաքննվում է փորձագետը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։