Բավ է պառակտվել
08-05-2014 19:17

Երևանի փողոցներում վարդ ու փուչիկ վաճառող երեխաներն անհայտ անձանց ՛՛փայ՛՛ են տալիս

Երևանի փողոցներում, հատկապես կենտրոնում վարդ ու փուչիկներ վաճառող երեխաների կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխին: Բայց թե ինչպես են նրանք ձեռք բերում այդ ծաղիկները, փուչիկները կամ փոքրիկ փափուկ խաղալիքները՝ ոչ բոլորին է հայտնի: Իսկ ահա գումար խնդրող երեխաների պակաս ընդհանրապես չի զգացվում: Gisher.news-ի հետ զրույցում 13-ամյա Արմանը նշեց, որ չի պատրաստվում իր ՛՛բիզնեսի՛՛ մանրամասները պատմել լրագրողներին ու այն հանրային քննարկմանը ներկայացնել:
՛՛Ես արդեն մեծ տղամարդ եմ, մամաս հիվանդա, հերս ստեղ չի, բա ո՞վ տունը պահի, երկու փոքր քուր ունեմ: Առավոտ շուտ արթնանում եմ, գնում եմ վարդերը վերցնում եմ, բերում եմ տուն, վաննայի մեջ լցնում եմ, որ թարմ մնա, գնում եմ դպրոց, հետո դասերս եմ անում ու իրիկունը 6-ին գնում եմ քաղաքի կենտորն ու սիրահար զույգերի վրա ծախում վարդը՛՛:
Մեր հարցին, թե վարդերը որտեղի՞ց է գնում և ինչքանով է վաճառում, Արմանը չպատասխանեց:
՛՛Դե սենց ասեմ, հիմա ես գործը լավ էլ գործա, հիմա եթե մի ուրիշ տղա ուզի քաղաքի կենտրոնում վարդ ու փուչիկ ծախի էլի ծանոթություն պիտի ունենա, համ էլ ամեն տղա չի կարա տակից դուրս գա, հազար ու մի հարց կա, հազար հոգու հետ ես լեզու գտնում՛՛:
Gisher.news-ն հետաքրքրվեց, թե այդ ու՞մ հետ է հարկավոր ՛՛լեզու գտնել՛՛, Արմանը նշեց, որ օրվա վերջում ՛՛պլան են փակում՛՛.
՛՛Դե որ հանգիստ աշխատես պիտի պլան փակես, աշխատածիցդ ուրիշին էլ փայ տաս, ոնցա, մեծ բիզնեսով զբաղվողները հարկ են տալիս, դե մենք էլ մեր մեջ ենք էտ հարցերը կարգավորում՛՛:

Մոտ մեկ ժամ հետևելով Արմանին հասկանում ես, որ 13-ամյա տղայի հոգեբանությունն այդ ՛՛բիզնեսում՛՛ չի կարող չփոխվել, պատանին, ով մոռանում է սեփական դասերի, ընկերների և խաղերի մասին, չի կարող մեծանալ անմեղ մանկական աշխարհում: Ինչպես՝ մեզ հետ զրույցում Արմանը նշեց, ինքը վաղուց է մոռացել ֆուտբոլի ու տղայական խաղերի մասին. ՛՛Փող, փող ու էլի փողա պետք, ,մորս պահելու համար հաց էլ կգողանամ...՛՛:

Արմանը մեզ պատմեց, որ 7 տարեկանից գումար է մուրացել, բայց այդ ժամանակ հայրը այն վատնել է խմիչքի վրա.՛՛Պապան հետո Ռուսաստան գնաց, տան հոգսը մամայի վրա մնաց, դե ինքն էլ հիվանդա, ինչ որ ներվերի հիվանդությունա, լավ չի, վատանում է, ես էլ մտածեցի մի բան գողանամ՝ օգնեմ: Ընկերներիս հետ խանութից երշիկներ էինք գողացել, կիսվեցինք ու տարանք մեր տները, քուրիկս նենց էր ուրախացել, մի քանի տարի երշիկ չէր կերել, հետո մամաս ջղայնացավ, ասեց, որ եթե շարունակեմ գողություն անել, ինքը կմեռնի ամոթից, դե ես էլ որոշեցի աշխատեմ:Հիմա մի քանի լավ տղերքի հետ լեզու եմ գտել, ինձ ես գործին դրեցին, փայ եմ տալիս ու հանգիստ աշխատում եմ՛՛:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել , թե այդ ՛՛լավ տղերքը՛՛ ովքեր են, որ ՛՛գթասիրտ՛՛ են գտնվել Արմանի հանդեպ ու ՛՛աշխատանքի՛՛ են տեղավորել:

՛՛Մի էլ սպասեք, մենք իրանց հետ ստեղ չենք հանդիպում, հատուկ տեղ ունենք, որ գալիս են ու իրանց փայը տանում են՛՛,-նշեց Արմանը ու հավելեց, որ մի երկու ժամ աշխատում է ու տուն է տանում չորսից հինգ հազար դրամ, ինչից բնավ չի դժգոհում: