Բավ է պառակտվել
30-12-2014 08:58

Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշել է.
«Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Սիրելի բարեկամներ,
ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետև ունենք միասնական նպատակ և երազանք՝ ունենալ արդար, զարգացող և ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է։
Հարգելի լրագրողներ,
ձեր գործիքը բառն է և խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր և ազդեցիկ զենքը։ Ես մի առիթով արդեն ասել եմ. բառը, խոսքը կարող է պաշտպանել արդարությունը, ազատությունն ու մարդու իրավունքը, բայց, միևնույն ժամանակ, չփաստարկված ու անպատասխանատու բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո´, անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է։ Ես չէ, որ պիտի ասեմ՝ հանրային կարծիք կարող է ձևավորել բացառապես և միայն ճշմարիտ, արդար ու փաստարկված տեղեկատվությունը, վերլուծությունն ու գնահատականը։
Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարևորագույն նվաճումներից է, և ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց և միմիայն փաստերի լեզվով։
Հարգելի ներկաներ,
ես հարգում և գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն։ Ես անչափ կարևորում ու գնահատում եմ մեր համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի և միմյանց օգնելու մթնոլորտում։ Հայտնի դասականն ասում էր. «Անաչառ և փաստարկված քննադատությունն արյան ճիշտ շրջանառությունն է։ Առանց անաչառ քննադատության լճացումն ու սխալներն անխուսափելի են»։ Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել։
Հարգելի լրագրողներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու և պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում և գործում լինի սերը, հույսն ու հավատը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ ՀՀ կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, ինչպես նաև խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու և ակտիվ համագործակցության համար: