01-07-2018 15:36

Վարչապետ Փաշինյանը այցելել է զինհաշմանդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը զրուցել է կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ: