25-12-2013 18:12

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա

Այսօր լրոգրողների հետ հանդիպման ժամանակ, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ, գրիպի, սուր շնչառական հիվանդությունների համակարգող Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, իրավիճակը այս իմաստով համեմատաբար հանգիստ է։ Ըստ Լիանա Թորոսյանի, նախորդ շաբաթվա տվյալներով հանրապետությունում գրանցվել է 2400 սուր շնչառական վարակների դեպք, իսկ նախորդ տարվա այդ նույն ցուցանիշը կազմել է մոտ 2800։ Հետևաբար, ըստ համաճարակաբանի, իրավիճակը բնականոն է. «Շնչառական վարակ, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող, և նպաստավոր ցուրտ պայմաններ, չօդափոխվող տարածքներ, սերտ շփում և այլն, ու ցավոք սրտի, չունենք այն մշակույթը, որ հիվանդ ենք, մնանք տանը», -ասաց բանախոսը։ Ինչ վերաբերում է մանկական վարակներին, Լ.Թորոսյանը նշեց, որ ներկա դրությամբ հանրապետությունում գրանցվել են ջրծաղիկ և քութեշ, բայց այս հիվանդությունները շուտով կնվազեն, քանի որ դպրոցներն ու մանկապերատեզներն արդեն փակվել են։
Լ. Թորոսյանի հավաստմամբ, մոնիտորինգի ընթացքում գրիպի հարուցիչներ լաբորատոր հետազոտության ժամանակ չեն հայտնաբերվել, չեն հայտնաբերվել հարուցիչներ նաև տարածաշրջանային այլ երկրներում ու Ռուսաստանում։ Եվրոպայում գրիպի մի քանի դեպք է գրանցվել, պայմանավորված A հարուցիչներով, դրանք ունեցել են թեթև ընթացք։