Բավ է պառակտվել
06-02-2014 10:45

Վանաձոր քաղաքում մութ ու ցուրտ տարիներն են

Արդեն մի քանի օր է խոսվում է Վանաձորում տիրող իրավիճակից:Մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Վանաձոր քաղաքի բնակչուհի, 56-ամյա Սվետլանա Մարգարյանը, մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ իր հարսը երեկ է ծննդաբերել, կարելի է ասել ծննդաբերել է սարսափելի պայմաններում:Քաղաքում գազ չկա, էլեկտրաէներգիան հաճախ անջատվում է, իսկ ջուրն էլ սառել է.՛՛Պատկերացրեք հարսս շատ ցուրտ պայմաններում ծննդաբերեց, ոնց որ մութ ու ցուրտ տարիները լինի, հացի պակաս էլ կա՛՛,-պատմեց տիկին Սվետլանան:
Ցրտի հետևանքով փակ են անգամ որոշ դպրոցներ: Տիկին Սվետլանան բավականին սրտնեղած պատմեց, որ տղան էլ, ով տան միակ աշխատողն է, մրսել է ու թոքաբորբով հիվանդ է.՛՛ Էս ձմեռը ահավոր էր, չգիտեմ ինչ անեմ, մութ, ցուրտ, տղես էլ հիվանդ՛՛:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վանաձոր քաղաքում գազի խողովակ էր պայթել, մարդիկ սկսել էին էլեկտրաէներգիայով տաքանալ, դրա արդյունքում, գերծանրաբեռնվածության պատճառով դադարել է էլեկտրամատակարարումը:
Տիկին Սվետլանան պատմեց , որ հիվանդանոցներում ևս շատ ցուրտ է.՛՛Է հիվանդին տանես ընդեղ, ցրտից ավելի կվատանա, հենա ես իմ տղուն ավելի լավ կնայեմ՛՛:
Վանաձորում իսկապես, որ 90-ականներն է: Հացի պակաս կա, լինելու դեպքում էլ այն վաճառվում է բավականին թանկ.՛՛Պատկերացնում ե՞ս, 100 դրամանոց հացը կրկնակի են ծախում, բա աշխատող չունեմ, ի՞նչ անեմ, ոնց հաց առնեմ՛՛,-սրտնեղած պատմեց տիկին Սվետլանան և ասաց, որ պետությունը չի էլ հետաքրքրվում, որ 21-րդ դարում մարդիկ հիվանդանոցում էլ ավելի են վատանում, հաց չկա, դպրոցները փակ են: