Բավ է պառակտվել
22-04-2016 16:50

Պերմյակովը պնդել է, որ մանկահասակ աղջկան ևս սպանել է սվին դանակով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է ուսումնասիրել Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննությունների տեսագրությունների արձանագրությունները, որոնք կատարել են հայկական եւ ռուսական կողմերը:

Այսօր` ապրիլի 22-ին, դատարանն ընթերցել է լրացուցիչ հարցաքննությունը, որն արվել է փետրվարի 6-ին ռուսական կողմի իրավապահ մարմինների կողմից:

Հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը պնդել է, որ ինքը մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին ինքնաձիգով չի սպանել, այլ սվին դանակով:

«Երբ ես արդեն սպանել էի կնոջը, տեսա մանկական մահճակալին երեխայի: Ես նրան մոտեցա եւ հասցրի երկու հարված սվին դանակով: Աղջկան ես ինքնաձիգից չեմ սպանել»,- իր ցուցմունքում նշել է Պերմյակովը՝ հերքելով ավելի վաղ տված ցուցմունքը, թե ինքնաձիգով կրակել է աղջնակի վրա:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը սվին դանակով հարվածել է միայն 6 ամսական Սերյոժային, մյուսներին սպանել է ինքնաձիգով:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է դատավարությունը: Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ կրտսեր Հասմիկ Ավետիսյանին: Հետո սվին դանակով 5 հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին: Երեխան 7 օր անց մահացել էր հիվանդանոցում: