Բավ է պառակտվել
18-11-2016 13:08

Վալերի Պերմյակովը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելը

Վալերի Պերմյակովը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելը։ Այս մասին նոյեմբերի 18-ին վերքննիչ դատարանի նիստում ասել է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Փաստաբանի խոսքով՝ նոյեմբերի 16-ին ինքն այցելել է Պերմյակովին։ «Նա հաստատեց, որ հետ է կանչում բողոքը, համաձայն է դատարանի որոշման հետ։ Ասաց, որ դա արել է կամավոր։ Սակայն դեմ չէ, որ փաստաբանը մասնակցի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի լսումներին։ Հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու վայրից։ Խոստովանել է մեղքը եւ ասել, որ հանցագործությունը կատարել է միայնակ»,– հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Նախորդ դատական նիստում ներկայացվեց Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է բողոքից եւ չի ուզում մասնակցել դատական նիստին։ Սակայն փաստաբանի միջնորդությամբ որոշվել էր ստուգել ամբաստանյալի դիրքորոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով: