Բավ է պառակտվել
05-08-2016 17:12

Պերմյակովը չգնաց Ավետիսյանների տուն. «Չեմ կարող, չեմ ուզում»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ: 
Ըստ էության, այդ միջնորդությունը կազմված է երկու մասից: Առաջինը` Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ: Երկրորդ` Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ:

Գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով: Եթե, ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է, ապա, ըստ Սաքունցի, դա անհրաժեշտ է օբյեկտիվությունից ելնելով, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել:

Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն փորձաքննությանը մասնակցելու ցանկության վերաբերյալ Պերմյակովի դատապաշտպանի հարցին ի պատասխան ամբաստանյալը հրաժարվել է:
«Չեմ կարող, չեմ ցանկանում»,- եղել է Պերմյակովի պատասխանը:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրել է` արդյո՞ք Պերմյակովը մտավախություն ունի, որ նման փորձաքննության մասնակցելով վտանգում է իր կյանքը, մեղադրյալը պատասխանել է, որ ոչ, պարզապես չի ցանկանում, չի կարող: Միջնորդության այս մասը մերժվել է դատարանի կողմից:
Ավելի ուշ բուռն քննարկումներից հետո մերժվել է նաև կրակոցների լսելիության միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Պերմյակովը մեղադրվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Սպանությունը կատարելուց հետո նա իր զինվորական հագուստը թողել էր Ավետիսյանների տանը և դուրս եկել տնից, շարժվել դեպի հայ-թուրքական սահման: Ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):