Բավ է պառակտվել
23-01-2016 09:57

Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում

Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր միջնորդեցին, որ որպես ապացույց՝ ռուսական կողմի հարուցած քրեական գործից փաստաթղթեր ընդգրկվեն այս գործի մեջ: Փաստաբան Միհրան Պողոսյանը պահանջեց, որպեսզի դատարանը ռուսական կողմից պահանջի տվյալ գործով սեփական քննության փաստաթղթերը՝ հայկական գործին կցելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը պահանջի նաև տեղեկատվություն՝ արդյոք հարուցվե՞լ են քրեական գործեր այլ անձանց նկատմամբ, օրինակ՝ Վալերի Պերմյակովին զորակոչելու, զենք տրամադրելու համար։ Դատարանը, որ նախորդ նիստերին շարունակաբար մերժում էր տուժող կողմի միջնորդությունները, այս մեկի քննարկումը հետաձգեց, ինչը է՛լ ավելի բորբոքեց կրքերը: Ավետիսյանների հարազատներն ու նրանց շահերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ռուսական ռազմաբազայի տարածքում գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը կաշկանդված է։ Փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրեց, որպեսզի վկաների և ամբաստանյալի հարցաքննության ընթացքում ձայնի հեռարձակումը դադարեցվի։ «Մեզ համար կարևոր է, որ դատավարությունն ընթանա օրենքի պահանջների պահպանմամբ, որ ամբաստանյալը հնարավորություն չունենա շահարկելու Քրեական օրենսգրքի խախտումները», - ընդգծեց նա: Դատավորը բավարարեց միջնորդությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը Գյումրիում Վալերի Պերմյակովին դատապարտել էր խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: